Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
15.12.2009 | 00:00

Հարավային Կովկասի առնչությամբ Ֆրանսիայի դիրքորոշումը, թերևս, կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. Փարիզը զգալի խոչընդոտներ չի հարուցելու Վրաստանին և տարածաշրջանի մյուս պետություններին ՆԱՏՕ ընդգրկվելու առումով։ Սակայն, միաժամանակ չի աջակցելու այդ նախագծերին, նախընտրելով սպասողական դիրքորոշումը, երբ Եվրամիության և ԱՄՆ-ի, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կսկսվի հակադրության նոր փուլը։
Ֆրանսիայի և Ռուսաստանի երկխոսությունը կդառնա ավելի բարդ և բացարձակապես նման չի լինելու ռուսական քաղաքական գործիչների և Ժակ Շիրակի միջև հաստատված հարաբերությանը։ Նիկոլա Սարկոզին կփորձի «քաշել» Գերմանիային Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ նրա հարաբերություններում, դրանով իսկ ցանկանալով ընդգծել, որ Ֆրանսիայի ամենամերձավոր եվրոպական գործընկերն ընդունակ չէ իրագործելու միանգամայն ինքնուրույն քաղաքականություն ո՛չ արևելյան, ո՛չ էլ արևմտյան ուղղություններով։ Անկախ նրանից, կհաջողվի այդ հնարքը, թե ոչ, Ֆրանսիան իրեն ռիսկի չի ենթարկում և միշտ կարող է մտնել ցանկացած խաղի մեջ, որը վերաբերում է եվրոպական քաղաքականությանը Ռուսաստանի նկատմամբ։ Հարավային Կովկասի խնդիրները եվրոպացիներն ամերիկացիների օրինակով ընկալում են բացառապես էներգետիկ անվտանգության հարթությունում, իսկ դրանք առաջնահերթ չեն Ֆրանսիայի համար։ Ֆրանսիայի հիմնական գործընկերը տարածաշրջանում Հայաստանն է, որը մտադրություն չունի ընդգրկվելու ՆԱՏՕ։ Ֆրանսիայի շահերը հստակ չարտահայտվեցին Վրաստանում և Ադրբեջանում, ու այն բանից հետո, երբ կտապալվի «Նաբուկո» նախագիծը, իսկ դա կարող է տեղի ունենալ Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենստան մեծ պայմանագրի իրագործման արդյունքում, Ֆրանսիայի շահերը Հարավային Կովկասում կդառնան ավելի սահմանափակ։ Ֆրանսիան էներգետիկ բազմաթիվ խնդիրներ է լուծել Իրանի հետ, ներառյալ գազի արդյունահանման կազմակերպումը Պարսից ծոցում և դրա հեղուկ վիճակում տեղափոխումը Ֆրանսիա` բալկերային նավատորմի միջոցով։ Ըստ այդմ, Փարիզը հարավկովկասյան էներգետիկ ենթակառուցվածքների կարիքը չունի։ Միևնույն ժամանակ, Փարիզն ավելի քիչ է կախված ռուսական էներգետիկ ռեսուրսներից, քան Կենտրոնական և Հարավային Եվրոպայի պետությունները։ Սերտ հարաբերությունների առկայությունը Հայաստանի հետ միանգամայն բավարար է Ֆրանսիայի համար իր ներկայությունը Հարավային Կովկասում ամրագրելու տեսանկյունից, և Փարիզը չի պատրաստվում վատթարացնել փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ` հանուն բրիտանական, առավել ևս ամերիկյան շահերի։
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոգևորությամբ շնորհավորեց Նիկոլա Սարկոզիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ` հույսեր կապելով Ֆրանսիայի նոր նախագահի ատլանտիստական նախապատվությունների հետ։ Միևնույն ժամանակ, լեհական քաղաքական գործիչները հարկ համարեցին զգուշացնել Վրաստանի նախագահին, որ իրենց ունեցած տեղեկություններով Նիկոլա Սարկոզին մտադիր չէ հավանություն տալ ԱՄՆ-ի քաղաքականությանը և ՆԱՏՕ ընդունել արևելաեվրոպական երկրների ևս մի ամբողջ էշելոն։ Ներկայումս շատ քիչ ցուցանիշներ կան Ֆրանսիայի հնարավոր դիրքորոշման վերաբերյալ Վրաստանի ՆԱՏՕ ընդունվելու կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը գնահատվում է շատ ավելի արմատական, քան իրականում է։ Սակայն Ֆրանսիայի քաղաքականությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աչքի է ընկնում նկատելի հետևողականությամբ և ժառանգականությամբ։ Հազիվ թե օրինաչափ է սպասել, որ Նիկոլա Սարկոզին կփորձի արմատական սրբագրումներ անել երկրի արտաքին քաղաքականության մեջ։
Բացի հարավային Կովկասի պետությունների ՆԱՏՕ ընդգրկվելու հարցից, եվրոպական քաղաքականությունը խնդիրներ ունի տարածաշրջանի էթնոքաղաքական պրոբլեմների առնչությամբ։ Այս ոլորտում, ի տարբերություն էներգետիկայի, եվրոպական պետությունները և ամենից առաջ Ֆրանսիան ու Գերմանիան, ավելի նկատելի դեր են խաղում։ Նրանք եվրոպական դիրքորոշման առաջատարներ են։ Ֆրանսիան այդ դիրքորոշումը ներկայացնում է ղարաբաղյան գործընթացում, իսկ Գերմանիան Վրաստանի վստահելի գործընկերն է։ Երկու պետություններն էլ փորձում են ԵԽԽՎ-ում չզիջել Մեծ Բրիտանիային իրենց նախաձեռնություններով, որովհետև այդ կառույցում ժամանակ առ ժամանակ երևան են գալիս բրիտանական նախագծեր հարավկովկասյան հակամարտությունների հետ կապված։ Բրիտանական նախաձեռնություններն ունեն ոչ միայն լոբբինգային բնույթ, այլև նպատակ են հետապնդում ապահովելու Մեծ Բրիտանիայի գերակա դերը տարածաշրջանում, այդ թվում` վերահսկողություն հաստատելով ռուսական ազդեցության ու քաղաքականության նկատմամբ Հարավային Կովկասում։ Դա չի կարող չառնչվել Ֆրանսիայի և Գերմանիայի շահերին, որոնք փորձում են իրենց հետաքրքրությունների համար տարածաշրջանում հրապարակ ստեղծել արդեն ոչ թե ապագայում, այլ հիմա` արդիականացնելով իրենց քաղաքական ներկայությունը։
Հակառակ բազմաթիվ պնդումներին և դժգոհություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առնչությամբ, մեղադրանքներին, որ այն չի կարողանում տեղից շարժել կարգավորման գործընթացը, այդ կառույցն իրականում աշխատանքի բարձր արդյունավետություն ցույց տվեց` ամրապնդելով իր գոյության իմաստը։ Եթե Մինսկի խումբը տարբեր պատճառներով դադարեցնի իր գոյությունը, իրավիճակն ուղղակի դուրս կգա վերահսկողությունից։ Կսկսվի ծանր տարածաշրջանային ճգնաժամ, որը կառնչվի ինչպես Արևմուտքին և Ռուսաստանին, այնպես էլ տարածաշրջանային տերություններին։ Մինսկի խմբի գոյության երկարատև ժամանակահատվածում կառույցը կուտակել է մեծ տեղեկատվական ու քաղաքական փորձ, իրագործվել է լայնածավալ վելուծական աշխատանք, որին մասնակցել են ոչ միայն քաղաքական գործիչներն ու դիվանագետները, այլև տաղանդավոր եվրոպական և ամերիկյան փորձագետները։ Մինսկի խումբը հանգել է սկզբունքային եզրակացության, և այն դրվել է համանախագահ պետությունների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքականության հիմքում։ Երեք համաշխարհային տերությունները, որոնք միմյանցից տարբերվում են քաղաքական դիրքորոշումներով, իրավիճակի գնահատման հարցում հանգել են համարժեք արդյունքի և իրականացնում են գործնականում միասնական քաղաքականություն։ Դա բացառիկ օրինակ է ժամանակակից միջազգային քաղաքականության մեջ։ Կարելի է համաձայնել այն մտքին, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ձևավորվել է ռուս-ամերիկա-ֆրանսիական որոշակի «դավադրություն»։ Դրա էությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը, բոլոր դեպքերում, չի կարող լինել Ադրբեջանի վերահսկողության ներքո, և վերադարձն անցյալին անհնարին է։ Վերոնշյալ «դավադրության» իմաստն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը «հանգեն» նոր իրողությունների ընդունման անհրաժեշտությանը։
Միևնույն ժամանակ, ընդգծվում է նաև Գերմանիայի դերը` հատկապես, երբ ԵԽԽՎ-ում Գերմանիայի ներկայացուցիչները, որպես կանոն, կասկածի տակ են դնում բրիտանական տարածաշրջանային նախաձեռնությունները։ Գերմանիայում աջ ուժերի հաղթանակից հետո Բեռլինը սկսել է ավելի վճռական հանդես գալ մի շարք բանաձևեր անցկացնելու Լոնդոնի փորձերի դեմ։ Գերմանիայի աջ կառավարությունը սկսել է մեծ ուշադրությամբ վերաբերվել եվրոպական դիրքորոշման ձևակերպմանը Հարավային Կովկասի պրոբլեմների հետ կապված։ Այն, ինչ փորձում է հաստատել Մեծ Բրիտանիան եվրոպական բեմահարթակներում, ձեռնտու չէ եվրոպական քաղաքական գործիչներին, ովքեր որոշել են ձևավորել ղարաբաղյան հարցի լուծման այլընտրանքային ուղի` գաղափարաքաղաքական «հարված» հասցնելով Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը։ Այս կապակցությամբ Ֆրանսիան հայտնվել է անորոշ դրության մեջ, քանի որ վերը նշված լռության «դավադրությունը» միանգամայն համապատասխանում է իր ազգային շահերին, միաժամանակ պաշտպանում նրա տարածաշրջանային գործընկեր Հայաստանի շահերը։ Նիկոլա Սարկոզիի քիչ թե շատ որոշակի մտադրություններից մեկը Հայաստանի շահերի պաշտպանությունն է, ինչը Ֆրանսիայի հայ ընտրողներին տված նրա խոստումների մեջ առանձնացված, թեկուզ ոչ մեծ, դրույթ էր։ Այդ նպատակը միանգամայն համապատասխանում է եվրոպական կառույցների այն խնդիրներին, որոնք նպատակ են հետապնդում ընդլայնելու աշխարհաքաղաքական ու գեոտնտեսական ազդեցությունը տարածաշրջանում։ Միայն այդ տեսանկյունից կարելի է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ կապված նոր իրավիճակի ու նոր նախաձեռնությունների մասին։
Ֆրանսիայի և Գերմանիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև մրցակցությունը տարածաշրջաններում ակնհայտորեն մեծանալու է, և դա իր արտահայտությունը կունենա քաղաքական, տնտեսական և գաղափարախոսական ոլորտներում։ Այդ պայքարը տեղի է ունենում արդեն տասնամյակներ` սկիզբ առնելով Էյզենհաուերի, դը Գոլի և Ադենաուերի ժամանակներում։ Սակայն այդ պայքարի բարձրակետը, ըստ երևույթին, հարավսլավական ճգնաժամի ժամանակահատվածում էր, հետագայում Եվրոպա-Ամերիկա հարաբերությունները որոշակի սրություն ստացան Վաշինգտոնում նեոպահպանողականների թիմի իշխանության գալուց հետո։ Այդ պայքարը երկարաժամկետ հեռանկարի կտրվածքով է, և պետք է համաձայնել Հայաստանում գոյություն ունեցող այն տեսակետի հետ, որ Ջորջ Բուշի թիմի քաղաքականությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար շանս էր, որը Հայաստանը չկարողացավ օգտագործել։ Լեռնային Ղարաբաղում այլ իրավիճակ է և այնտեղ հնարավոր է առանց ռազմական գործողությունների վերսկսման հասնել նոր ազգային պետական տարանջատման։ Լեռնային Ղարաբաղի հայության շահերի տեսանկյունից` եվրոպացիների դիրքորոշումն այդքան համարժեք չէ։ Խճողված ձևով հակամարտության կողմերին առաջարկվում է գիտակցել նոր իրողությունները և հանգել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Սակայն եվրոպացիներին անհրաժեշտ է, գոնե արտաքուստ, տարբերակել իրենց դիրքորոշումը, հակառակ դեպքում իրենց նախաձեռնություններն ու բանաձևերն իմաստ չունեն։ Միևնույն ժամանակ Ջորջ Բուշի վարչակազմի հարաբերությունները Ֆրանսիայի հետ ապագա չունեին տարածաշրջանների առումով, ամերիկա-ֆրանսիական հարաբերությունների մասին կարելի է խոսել միայն ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության քաղաքականության հաշվառումով։ Այդ իսկ պատճառով Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը, այդ թվում` ՆԱՏՕ-ի ընդարձակման և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման տեսանկյունից, պետք է դիտարկել իբրև ֆրանսիական աջերի և ամերիկյան ձախ-լիբերալ քաղաքական շրջանակների հարաբերություններ։ Այդ կապակցությամբ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի ընդարձակման հարցը կդառնա պակաս արդիական, միևնույն ժամանակ ԱՄՆ-ի և եվրոպական հանրության դիրքորոշումները չվերահսկվող պետություններին միջազգային կարգավիճակ տալու հարցում կմոտենան։
Ֆրանսիան Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր երկարաժամկետ շահերի գոտի։ Սակայն, ի տարբերություն ԱՄՆ-ի և Ռուսաստանի, Ֆրանսիան եվրոպական քաղաքականության առաջատարն է և չի կարող ընդհանուր եվրոպականից տարբեր դիրքորոշում ցուցաբերել։ Ֆրանսիայի դիրքորոշումը համարժեք է ռուսականին և ամերիկյանին` ընդհանուր Եվրոպային լոյալ մնալու պայմանով, և չարժե Փարիզի կեցվածքի արմատական կամ մասնակի փոփոխություն սպասել այս հարցում։ Այս խնդիրն առավել բարդ է քաղաքական վերլուծության առումով և առնչվում է ոչ միայն ղարաբաղյան և նույնիսկ ոչ միայն տարածաշրջանային խնդիրներին։ Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, և պատերազմը կարող է դառնալ նրանց ծրագրերի խափանման միջոց։ Այդ դեպքում եվրոպացիների պատասխանատվությունը նվազագույն է։ ԱՄՆ-ի ուժային հնարավորությունները Հարավային Կովկասում առայժմ խիստ սահմանափակ են, Ռուսաստանի մասնակցությունը ռազմական գործողությունների կանխարգելմանը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջամտությանը։ Պարզ չէ, թե այդ դեպքում իրեն ինչպես կպահի Թուրքիան, ինչպես կարձագանքի Իրանը Թուրքիայի հնարավոր ակտիվացմանը։ Այդ ամենը բացառում է նավթի տարանցման ենթակառուցվածքների անվտանգության ապահովումը, որոնք առնչվում են ԱՄՆ-ի ռազմավարական շահերին։ 2008-ի օգոստոսի ռազմական կոնֆլիկտը, այսպես թե այնպես, հանգեցրեց ԱՄՆ-ի ամրապնդմանը Սև ծովում` ի ցույց դնելով Ֆրանսիային իր դիրքորոշման խոցելիությունը, օպերացիոն հնարավորությունների բացարձակ բացակայությունը հակամարտությունների գոտիներում։ Այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիան գործնականում «դիրիժորի» դեր էր խաղում այդ իրավիճակի զարգացման մեջ։ Այս հանգամանքը դարձավ սկզբնակետ Նիկոլա Սարկոզիի համար Հարավային Կովկասում իր քաղաքականության ծավալման տեսանկյունից։
Շատ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ ընդգծում են եվրոպական արդի իրականության որոշակի առանձնահատկությունը, երբ եվրոպական հանրության բազմաթիվ քաղաքական քայլերը բացարձակապես անհամարժեք են նույն եվրոպացիների հռչակած նպատակներին ու խնդիրներին։ Ցավոք, եվրոպական հանրության քաղաքականության այդ ինքնատիպությունն առայսօր բավականաչափ իմաստավորված ու մշակված չէ գոնե հրապարակային ռեժիմում։ Սակայն նույնիսկ եվրոպական սահմանադրության ընդունման դեպքում հոռետեսական տրամադրությունները Եվրոպայում շարունակելու են գոյություն ունենալ և ուժգնանալ։ Առանձին երկրներ շարունակում են, թեկուզ կոռեկտ ձևով, տարաբաժանված մնալ եվրոպական հանրության ընդհանուր քաղաքականությունից` առաջին հերթին արտաքին և անվտանգության ոլորտներում։ Կասկածներ է հարուցում նաև եվրոպական տնտեսական քաղաքականության միասնականությունը։ Երբեմն միայն քաղաքական կոռեկտությունը թույլ չի տալիս եվրոպական պետությունների քաղաքական գործիչներին հրապարակելու իրենց իրական վերաբերմունքն այս կամ այն գործընթացի վերաբերյալ։ Նիհիլիստական դիրքորոշում ունեցող առանձին քաղաքագետներ կարծում են, որ հանրության վզին փաթաթած եվրոպական ձախ-լիբերալ ուժերի քաղաքական կոռեկտությունը դարձել է Եվրոպայի գաղափարաքաղաքական զարգացման արգելակ և եվրոպական պետությունների ազգային շահերի անտեսման գլխավոր նախապայման։ Պահպանողական և հատկապես աջ պահպանողական ուժերը Եվրոպայում բավական արմատական դիրքերից դեմ են հանդես գալիս եվրոպական հետագա ինտեգրացիային` կանխատեսելով ստեղծված գերպետական համակարգի փլուզումը։ Եվրոպական հոռետեսությունն իր դրսևորումներն ունի ոչ միայն պահպանողական, այլև կաթոլիկական ու ազգայնական շրջանակներում։ Անկասկած է, որ Եվրոպայում ձևավորվում է քաղաքական ուժերի միասնական «ճակատ», որը հանդես է գալու հետագայում հօգուտ վերազգային ինստիտուցիոնալ հիմքերի որոշակի սահմանափակման։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ